16 դեկտեմբերի 2016 - 19:51 AMT
Ձնառատ weekend. Սահադաշտի բացում, համերգներ, մասսայական մարզումներ և ֆիլմեր

Իսկական ձմեռը՝ իր բոլոր դրական և բացասական հետևանքներով, գրավել է Հայաստանը, օդում արդեն իսկ զգացվում է տոնական տրամադրությունը. Հանրապետության հրապարակի մեծ եղևնին արդեն պատրաստ է՝ անկախ դրա գեղեցկության շուրջ ամեն տարի ծավալվող վեճերի, քաղաքի փողոցները զարդարված են, խանութներում ամանորյա նվերներ գնողների հերթեր են գոյանում:

PanARMENIAN.Net-ն առաջարկում է հաղթահարել այս ցրտին տանը նստելու ցանկությունն ու հնարավորինս հետաքրքիր անցկացնել այս ձնառատ weekend-ը: Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում մի քանի տարբերակ հանգստյան օրերն առավել ուրախ ու տպավորիչ դարձնելու համար:

Համերգներ

Դեկտեմբերի 17-ին Jose Lounge Bar-ում հանդես կգա New Quintet բենդը՝ վոկալիստ Աղվան Պապոյանի գլխավորությամբ, կնվագեն Արման Փահլևանյանը, Տիգրան Սուչյանը, Էդգար Սահակյանը և Պերճ Նահապետյանը, ինչպես նաև կլինի դիջեյ: Համերգի սկիզբը՝ ժամը 20:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000 և 5000 դրամ:

«Կամի» երաժշտական ակումբում դեկտեմբերի 17-ին ելույթ կունենան Արտո Թունջբոյաջյանը, Գոռ Սուջյանն ու Արտյոմ Մանուկյանը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 10000 դրամ:

Դեկտեմբերի 18-ին «Կամի» երաժշտական ակումբում կկայանա երգչուհի Անի Քրիստիի լոսանջելեսյան առաջին մենահամերգի DVD տարբերակի շնորհանդեսը և փոքրիկ մենահամերգ: Դա կլինի երգչուհու վերադարձ-համերգը շուրջ 10 տարվա ընդմիջումից հետո Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին:

Դեկտեմբերի 17-ին «Մեցցո» երաժշտական ակումբում հնարավոր կլինի դիտել և լսել Ստաս Նամինի թատրոնի կողմից բեմադրված «Այն ամենն, ինչ քեզ պետք է, սերն է» մյուզիքլը: Սկիզբը՝ ժամը 21:00-ին:

Դեկտեմբերի 18-ին «Մեցցո» երաժշտական ակումբում ելույթ կունենա Մարիտա Ռոխվաձեն երևանյան Bloom Band-ի հետ միասին: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին:

Club 12-ում ևս դեկտեմբերի 18-ին հնարավոր կլինի ունկնդրել Արտո Թունջբոյաջյանին Armenian Navy Band-ի հետ միասին: Իսկ հատուկ հյուրերի կարգավիճակով հանդես կգան նաև Գոռ Սուջյանն ու Արտյոմ Մանուկյանը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Դրսում ձյուն է ու սառնամանիք, բայց դա չպետք է կանգնեցնի իսկական մարզիկին: Մտածելով այդ մասին և շարունակելով «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի իրականացումը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տեղափոխում է մասսայական մարզումները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության «Սպարտակ» մարզադահլիճ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը: Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 13:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx:

Բացի մարզումներից, ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցելու նաև հեծանվավարման դասերի՝ հմուտ մարզիչների ղեկավարությամբ: Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման, մուտքն՝ ազատ: Մարզադահլիճը ջեռուցվում է (+17 աստիճան):

Նոր սահադաշտ Երևանում

Դեկտեմբերի 17-ին Ձմեռային այգում կբացվի նոր բացօթյա սահադաշտ, ինչպես խոստանում են՝ ամենամեծը: Նոր սահադաշտ կարելի է գալ նաև սեփական չմուշկներով: Սահադաշտի բացումը՝ ժամը 17:40-ին, մուտքն ազատ է: Ձմեռային այգին գտնվում է Թբիլիսյան խճուղու վրա, Երազ այգու տարածքում:

Կինոսերների համար

Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Ուստի առաջարկում ենք այցելել «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Երկրաշարժ» (Earthquake), «Դաշնակիցները» (Allied), «Ռոգ-մեկ: Աստղային պատերազմներ: Պատմություններ» (Rogue One: A Star Wars Story), «Մոանա» (Moana), «Անիրական գեղեցկություն» (Collateral Beauty), «Գերբնական գազաններ, և որտեղ են բնակվում նրանք» (Fantastic beasts and where to find them), «Ամանորյա խնջույք» (Office Christmas Party), «Գիշերվա խավարի ներքո» (Nocturnal Animals), «Դե Տժժա» (Party Up!), «Կյանք ու կռիվ» (The Line):

Շոփինգ

Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գտնվող որոշ խանութ-սրահներում սկսել են գործել նախատոնական զեղչերը: Այսպես, TIME, PANDORA, Cadenzza, Celio, Promod, Switz, Togas խանութներում կարելի է ձեռք բերել նշված տեսականին 20-50% զեղչով:

Բացի այդ, Dalma Garden Mall-ը կազմակերպում է հետաքրքիր տոնական ժամանց մանուկների և մեծահասակների համար այս հանգստյան օրերին: Դեկտեմբերի 17-ին և 18-ին առևտրի կենտրոնում կարելի է տեսնել Ձմեռ պապին, զբաղվել նկարչությամբ, մասնակցել թխվածքների պատրաստմանը, «Այլակերպիկ» տոնական մրցաշարին և այլ հետաքրքիր միջոցառումների: