9 հուլիսի 2007 - 15:24 AMT
«Թըրքիշ դեյլի նյուսը» Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի մասին. Թուրքիային անախորժություններ են սպասում
Ջունեդ Զափսուն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականը, հայտարարել է, որ փետրվարին գաղտնի բանակցություններ են ընթացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի շուրջ: Ինչպես գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը», հանդիպումը կազմակերպել էր պաշտոնաթող դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքը, որը հայտնի է նրանով, որ եղել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական եւ դադարեցրել է պատերազմը Բոսնիայում Բիլլ Քլինթոնի նախագահության ժամանակ: Զափսուի խոսքերով, թուրքական կառավարությունը որոշակի մտահոգություններ ունի այդ հարցի վերաբերյալ, որը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Նա նաեւ ընդգծել է, որ ոչ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, ոչ Վաշինգտոն այցելած երեք խորհրդարանական պատվիրակությունները հաջողության չեն հասել բանաձեւի դեմ «պայքարում» եւ չեն հանդիպել Նենսի Փելոսիի հետ: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը մայիսին Վաշինգտոնում հանդիպել էր խոսնակի հետ եւ, նրա խոսքերով, Փելոսին հայտարարել էր թե չի հետեւում «հայկական ժամանակացույցին բանաձեւի վերաբերյալ որոշման հարցում»:

Միեւնույն ժամանակ թերթը գրում է, որ Թուրքիային մեծ անախորժություններ են սպասում եւ հիշեցնում է, որ 106-րդ բանաձեին 435 կոնգրեսականներից սատարում են 218-ը: 218 օրենսդիրների աջակցությունը բանաձեւին թույլ չի տալիս մեխանիկորեն քվեարկության դնել բանաձեւը, սակայն նշանակում է, որ հոգեբանական արգելքը հաղթահարված է: Հավանաբար, քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի օրակարգում կհայտնվի սեպտեմբերի սկզբին, հուլիսի 22-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո»,-նշվում է թերում: