17 դեկտեմբերի 2016 - 13:18 AMT
ԶԼՄ-ներ. Մերկելը խորհրդականին կգործուղի ԱՄՆ` Թրամփի արտաքին քաղաքականությունը պարզելու

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչությանը կից արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը 2016-ի դեկտեմբերին կմեկնի ԱՄՆ: Ըստ Der Spiegel-ի, որը հղում է անում անհայտ աղբյուրների վրա, այնտեղ նա հանդիպելու է Մայք Ֆլիննի հետ, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականն է ազգային անվտանգության գծով:

Գերմանիայում բազմիցս են ասել, որ դեռ չգիտեն, թե արտաքին քաղաքականության ինչ ուղղություն է ընտրելու Վաշինգտոնի նոր վարչակազմը: Բեռլինը հայտարարել էր, թե պետք է նայել Թրամփի իրական քաղաքականությանը, ոչ թե նրա նախընտրական հայտարարություններին: Իսկ այժմ Հոյսգենը, որին Գերմանիայում համարում են կանցլեր Անգելա Մերկելի վստահված անձը, մտադիր է քննարկել Ֆլինի հետ ՆԱՏՕ-ի, ՌԴ և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների նրա տեսլականը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գերմանիայի ղեկավարությանը մտահոգում է այն, որ ԱՄՆ նորընտիր նախագահը կարող է չեղարկել ՌԴ դեմ գործող պատժամիջոցները` հարվածի տան դնելով Արևմուտքի միասնական դիրքորոշումն այդ հարցում: Բացի այդ, Հոյսգենը պետք է պարզի, թե իրոք Վաշինգտոնը մտադիր է կրճատել հատկացումները ՆԱՏՕ-ին: