17 դեկտեմբերի 2016 - 15:11 AMT
Լևոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի խնդիրը մեկն է՝ ԼՂ հիմնահարց, լուծման միակ տարբերակը փոխզիջումն է

Հայաստանի խնդիրը մեկն է՝ ղարաբաղյան հիմնահարց: Այս մասին դեկտեմբերի 17-ին Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարել է ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Իրականում խնդիրը մեկն է՝ ղարաբաղյան հիմնահարց, լուծեք այդ խնդիրը` մյուսները կլուծվեն», - ասել է նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է. «Իմ վերջին հոդվածներից մեկում ես նշել էի, որ «Հայաստանի բոլոր չարիքների՝ սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչու­թյան աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թեր­զինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատու­թյան չգոյության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտ­նահարման արմատը կոռուպցիան է՝ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալա­նը»:

Սակայն սա այսբերգի միայն տեսանելի մասն է։ Անտեսանելին 1998-ից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած՝ Ղարա­բաղ­յան ստատուս-քվոն պահպանելու և հարյուր տարի էլ շրջափա­կումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Թե ժամանակին կանխատեսված ինչպիսի կործանարար հետևանք­ների է հասցրել այս փիլիսոփայությունը, կարծում եմ, ավե­լորդ է պարզաբանել»։

Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար, «հաջորդ օրն իսկ»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակներին, Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ լուծման այլ տարբերակ, քան փուլային տարբերակն է, գոյություն չունի:

«18 տարի առաջ ասում էիք՝ կա, դե ցույց տվեք, գոյություն չունի: Այն, ինչ դրված է սեղանին, նույն փուլային տարբերակն է: Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման, փոխզիջումների նույն առաջարկը, ինչ 1997-ին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ:

Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք: Վաղը կբերեն, կտեսնեք: Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ նույնիսկ 97-ից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը», -հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Նա նկատել է, որ արդի աշխարհում ջունգլիների օրենքը՝ ով ինչ գրավեց, իրենն է, չի գործում, հետևաբար այժմ հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի, գրում է Panorama.am-ը:

Այդպես, ըստ առաջին նախագահի ներկայացման, օրինակ՝ վարվել է Իսրայելը, երբ Եգիպտոսին է վերադարձրել Սինայի թերակղզին՝ «Զուտ հաշտվելու համար»:

Տեր-Պետրոսյանի խոսքով, այս հարցում էլ մեզ հիասթա­փու­թյուն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փո­խարեն, հրապարակ է նետվել մի «նոր անհեթեթ գաղա­փա­րախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով»։

«Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձևավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրա­գրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբե­րում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտ­վող նոր հարկատեսակի կիրառմանըես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը»։

Տեր-Պետրոսյանը, մասնավորապես ասել է. «Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայող­ների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պա­րագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պե­տության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնե­լով աշխարհի առջև։

Մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրա­գիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը և Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծ­վում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրա­կանացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունե­նանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ»։

Ելույթի վեջում Տեր-Պետրոսյանը Կոնգրեսին առաջարկել է «խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշա­նա­բանով»։

Խորհրդարանը դեկտեմբերի 15-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 84 կողմ, դեմ 4 և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Սպայի, ենթասպայի կամ շարքային զինծառայողին մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նրա ընտանիքին կամ նրան միանվագ կհատկացվի 10 մլն դրամ, սպային ամսական կհատկացվի, համապատասխանաբար, 300 հազար դրամ, ենթասպային՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում սպային կհատկացվի միանվագ 5 մլն դրամ, ամսական հատուցում 20 տարվա ընթացքում՝ 200 հազար դրամ, ենթասպային՝ 5 մլն դրամ միանվագ և ամսական 150 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 5 մլն դրամ միանվագ և ամսական 100 հազար դրամ: Նախագծին առաջին ընթերցմամբ կողմ էր քվերակել 102, դեմ՝ 3 պատգամավոր, երկրորդ ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: