9 հուլիսի 2007 - 17:39 AMT
Սերգեյ Լավրով. Ռուսաստանի դիրքորոշումը Կոսովոյի վերաբերյալ բխում է միջազգային իրավունքից
Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը, որին համաձայն չեն լինի Բելգրադն ու Պրիշտինան, չի անցնի Անվտանգության Խորհրդում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ցանկացած որոշում հնարավոր է երկու կողմերի համաձայնության հիման վրա: Մեկ այլ որոշում կարող է չանցնել Անվտանգության Խորհրդում»,-ասել է Լավրովը լրագրողներին` մեկնաբանելով երկուշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալիք խորհրդակցությունները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշումը Կոսովոյի վերաբերյալ բխում է միջազգային իրավունքից, այլ ոչ թե արհեստական սխեմաներից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

ՄԱԿ-ի ԱԽ-ի սեղանին երկու փաստաթուղթ է: Ռուսաստանն առաջարկում է շարունակել բանակցությունները անկախության ձգտող Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ, մինչեւ որ փոխզիջումային որոշում գտնվի, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, եւ կատարել անվտանգության բոլոր չափանիշները փախստականների վերադարձի համար: Բանաձեւի նախագիծը, որ ներկայացրել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, առաջարկում է ընդունել Մարտի Ախտիսաարիի ծրագիրը, որն անկախություն է շնորհում Կոսովոյին 120 օր անց, որ հատկացվում են բանակցությունների համար: