19 դեկտեմբերի 2016 - 15:51 AMT
ՀԱՊԿ երկրների նախագահները Պետերբուրգում կքննարկեն հակազդեցությունն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը

ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովներին:

ՀԱՊԿ երկրների նախագահները դեկտեմբերի 26-ին Պետերբուրգում կքննարկեն հակազդեցությունն ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

«ԵՏՄ գագաթնաժողովում ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ նախագահները կամփոփեն Միության առաջին 2 տարվա աշխատանքները և կնախանշեն հետագա զարգացման հեռանկարները: Գագաթնաժողովի հիմնական իրադարձությունը կլինի ԵվրԱզԷՍ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է նաև մի շարք այլ կարևոր փաստաթղթերի ստորագրում:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանը հակազդելու միջոցները: Ըստ Բորդյուժայի, առաջիկա հանդիպմանը ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները կքննարկեն միջազգային օրակարգի խնդիրներ, այդ թվում եվրասիական ինտեգրման հարցերը: Գագաթնաժողովի օրակարգում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգի հարցը: