19 դեկտեմբերի 2016 - 15:22 AMT
Տոնական միջոցառումները Երևանում կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին

Մայրաքաղաքի Ամանորի տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի դեկտեմբերի 19-ի երեկոյան` ժամը 19:00-ին, Հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Այսօր կմեկնարկի նաև Երևանում առաջին անգամ անցկացվող «Սառցե քաղաք» Ամանորի հեքիաթային ծրագիրն Ազատության հրապարակում:

Զեկուցվել է, որ արդեն իսկ հանրությանն է ներկայացվել «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը, տպագրվել է բրոշուր-ուղեցույց, որում ներառված են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը, օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկների համար: «Նոր Տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի հանրության համար մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: