ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 19-ի երեկոյան բանաձև է ընդունել Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:
Փաստաթղթում դատապարտվում են Ղրիմում «մարդու իրավունքների ոտնահարումն ու խտրական միջոցները ՌԴ «օկուպացիոն իշխանությունների» կողմից: Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 70 երկիր, դեմ` 26, 77-ը ձեռնպահ է մնացել, գրում է Deutsche Welle-ն:
Ռուսաստանը փաստաթղթում նշված է որպես «բռնազավթող տերություն», իսկ Ղրիմը բնութագրվել է որպես «ժամանակավոր բռնազավթված տարածք»: ՄԱԿ ԳՎ-ն կոչ է անում ՌԴ իշխանություններին չեղարկել Ղրիմի թաթարների մեջլիսը ծայրահեղական կազմակերպություն որակող որոշումը և ազատ արձակել Ուկրաինայի քաղաքացիներին, «որոնք ապօրինաբար են ձերբակալվել և դատապարտվել»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է, որ բանաձևը «միջազգային միասնության և համերաշխության կարևորագույն նշան է, քանի որ Ղրիմում կիրառվում է ԽՍՀՄ վատագույն փորձը, ներառյալ «պատժիչ հոգեբուժության» մեթոդները, առևանգումները, խոշտանգումները և նույնիսկ մարդկանց միտումնավոր սպանությունները»:
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել ՄԱԿ ԳՎ որոշումը: