Արգենտինահայ բարերարներ Դևեճյանների ընտանիքի ֆինանսավորմամբ «Հայաստան» հիմնադրամը Շիրակի մարզի Բավրա գյուղում հնդկաձավարի արտադրության գործարան է կառուցում:
Հնդկաձավարի մշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը» (ENPARD), որը 2015-ին մեկնարկած ձեռնարկի շրջանակներում տրամադրում է անհրաժեշտ սարքավորումներ և իրականացնում ֆերմերների մասնագիտական վերապատրաստում:
Դեկտեմբերի 6-ին Ծովագյուղում բացվել է հնդկաձավարի արտադրության առաջին գործարանը Հայաստանում:Ակնկալվում է, որ «Ծովհատիկ» ապրանքանիշը կրող տեղական արտադրության հնդկացորենը հայ սպառողներին կներկայանա շատ շուտով:
Գործարանը կյանքի կոչելու համար վերակառուցվել է գյուղատնտեսական նպատակներով նախկինում համայնքում գործող շենքը: Վերակառուցվել են պատերը, հատակը, փոխարինվել է տանիքի ծածկը, տեղադրվել են պատուհաններ և դարպասներ: Շինարարական աշխատանքներին զուգընթաց գործընկեր կազմակերպությունը տեղադրում է հոսքագիծ: 2017-ի ամռանը նախատեսվում է ավարտել աշխատանքները` ներառյալ ինժեներական ցանցերի իրականացում, շենքի ներքին ու արտաքին հարդարում, կից լաբորատոր մասնաշենքի կառուցում:
Գործարանի ներկայիս պատասխանատու Կորյուն Սումբուլյանի խոսքով` հնդկաձավարի մշակման գործարանը կսպասարկի Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի մոտ 430 ֆերմերային տնտեսություններին, որոնք ցանքի, բերքահավաքի և վաճառքի հարցերն արդյունավետ կազմակերպելու նպատակով միավորվել են կոոպերատիվներում:
«Հնդկաձավարի աճեցումն ու արտադրությունը նոր մշակույթ է Հայաստանում: Մեր կլիմայական պայմանները բարենպաստ են այս մշակաբույսի աճեցման համար, և արդեն ստացել ենք առաջին բերքը: Մի քանի տարվա ընթացքում գործարանի արտադրական հզորությունը կարող ենք հասցնել տարեկան մինչև 9000 տոննայի և տեղական շուկան ապահովել մատչելի արտադրանքով»,- ասել է Կորյուն Սումբուլյանը:
Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բավրա գյուղում Հիմնադրամը Դևեճյան ընտանիքի հովանավորությամբ վերջին երեք տարիներին կառուցել է նաև համայնքային կենտրոն, սպորտհրապարակ, մարզադաշտ, հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: