21 դեկտեմբերի 2016 - 15:27 AMT
Իրանի նախագահ. ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այդ մասին Երևանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո, հայտնում է Aysor.am-ը:

«Իրանի համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են, և մենք հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ականատեսները կդառնանք։ Դա բխում է նաև տարածաշրջանի շահերից։ Այդ խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք ուզում ենք լուծումը տեսնել խաղաղ ճանապարհով», - հայտարարել է Հասան Ռոուհանին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան ևս հայտարարել է, որ հանդիպման ընթացքում Հասան Ռոուհանիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող ջանքերը՝ միաժամանակ ասելով, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:

«Մենք շնորհակալ ենք Իրանին այս հարցում հավասարակշռված դիրքորոշման համար», - մասնավորապես ասել է Սարգսյանը:

Դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահն առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: «Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,- ասել է Հասան Ռոուհանին:

Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրի հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Իրանի նախագահի այցի շրջանակում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ գործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։

Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա՝ Ղրղըզստան։

Ընթերցեք նաև. Ռոուհանի. Ուզում ենք զարգացնել ՀՀ հետ երկկողմ հարաբերությունները