21 դեկտեմբերի 2016 - 16:20 AMT
Ճանապարհների սպասարկման առցանց հսկողության համակարգ է ներդրվել

Ճանապարհների ձմեռային սպասարկման որակը բարելավելու և արդյունավետ հսկողություն սահմանելու նպատակով ավելացել է առցանց հսկողության նոր մեխանիզմ. կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ, իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում ներդրվել է համապատասխան տեղեկատվական համակարգ, որով առցանց հնարավոր է 24 ժամ հետևել՝ արդյոք կոնկրետ համարանիշով մեքենան աշխատում է, թե կանգնած է, որ կետից է սկսել ճանապարհը մաքրել և ուր է հասել, հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:

Ներկայում GPS սարքավորումներով համալրված են Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի և Սևանի տարածաշրջանների ճանապարհաշինական կազմակերպությունների ձյուն մաքրող և աղցան մեքենաները:

Գործընթացը շարունակվում է, և շուտով համակարգին կմիանա հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներն սպասարկող բոլոր ճանշինների տեխնիկան:

Մինչև այժմ ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատանքը վերահսկվում էր «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների շահագործման և պահպանման բաժնի աշխատակիցների միջոցով: Իրականացվում էին ստուգողական այցեր կամ հեռախոսազանգեր: