22 դեկտեմբերի 2016 - 12:49 AMT
2016-ին հայ մարզիկները 170 մեդալ են նվաճել, այդ թվում՝ 4 օլիմպիական

2016 թ. մարզական տարում հայ մարզիկները` մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաև 4 օլիմպիական մեդալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը:

2016 թ. մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե և 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե և 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաև հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան՝ ներկայացնելով մարզական լրագրողների քվեարկության արդյունքները, որոնք ամփոփվել են դեկտեմբերի 20-ին, հայտնել է, որ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն, 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է ՀՀ 2016 թ. լավագույն մարզիկ: