22 դեկտեմբերի 2016 - 14:54 AMT
Զբոսաշրջության պետկոմիտեի աշխատակազմը հաստատվել է

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ի որոշմամբ հաստատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը՝ ստեղծելով համապատասխան պետական կառավարչական հիմնարկ:

Բացի այդ, Գործադիրը հաստատել է Զբոսաշրջության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը:

Կառավարության նիստում ներկայացված որոշման համաձայն, կոմիտեն կունենա նախագահ, փոխնախագահ և 3 վարչություն՝ զբոսաշրջության քաղաքականության, միջազգային համագործակցության, մարքեթինգի ու զարգացման։

Կոմիտեի ղեկավարն է Զարմինե Զեյթունցյանը:

Դեկտեմբերի 12-ին անցկացված խորհրդակցությանը նախագահ Սարգսյանը հայտարարել է, թեմոտ երկու ամիս առաջ նոր կառավարության ձևավորման հետ միաժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտե, որը մշակելու է այս ոլորտին նոր շունչ հաղորդելու քաղաքականությունը, և կառավարության ծրագրով ոլորտի համար հավակնոտ նպատակադրում արվեց` առաջիկա հինգ տարվա ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը: