13 հուլիսի 2007 - 15:30 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նորից հանդես է գալիս Իրաքից զորքերի դուրս բերման առաջարկով
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, ըստ որի Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման գործընթացը պետք է սկսվի 120 օրվա ընթացքում: Օրինագիծը ընդունվել է ձայների մեծամասնությամբ` 223 կոնգրեսականների «կողմ» եւ 201 «դեմ» ձայներով:
Ներկա դրությամբ, օրինագիծը դիտարկվում է նաեւ Սենատում: Նախագահ Ջորջ Բուշը խոստացել է օգտագործել վետոյի իրավունքը զորքերի դուրս բերման մասին օրենքի հարցում:
Մայիսին ԱՄՆ նախագահը վետո է դրել Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների ֆինանսավորման մասին օրինագծի առաջին տարբերակի վրա, որը սահմանափակում էր Իրաքում ամերիկյան զորքերի մնալու ժամկետը: Արդյունքում կոնգրեսը ստիպված էր փաստաթղթից հանել Իրաքում ամերիկյան զորքերի մնալու ժամկետի պահանջներին վերաբերող տեքստը:
ԱՄՆ նախագահը գրեթե իր ցանկացած ելույթում հասկացնում է, որ մտադիր չէ ավարտել պատերազմը Իրաքում: Իր հերթին, Իրաքի իշխանությունները եւս անհրաժեշտ չեն համարում երկրից ամերիկյան կոնտինգենտի դուրս բերման կոնկրետ ժամկետի հաստատումը: Դա բազմաթիվ անգամներ ընդգծել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին: «Մենք դեռեւս չենք տեսնում դուրս բերման ճգրիտ ժամկետը հասհատելու անհրաժեշտություն: Դա կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կառավարությունը ի վիճակի լինի վերահսկել իրավիճակը երկրում, եւ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այնքան արագ, որքան հնարավոր է»,- ասել է Իրաքի կառավարության ղեկավարը, հաղորդում է RBC.ru-ն: