13 հուլիսի 2007 - 20:26 AMT
Կիրստեն Գիլիբրանդը դարձել է 220-րդ կոնգրեսականը, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
Կիրստեն Գիլիբրանդը դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 220-րդ անդամը, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Գիլիբրանդը միացել է Նյու-Յորք նահանգի քսան կոնգրեսականներին, ովքեր արդեն սատարում են 106-րդ բանաձեւը: «Ես ուրախ եմ, որ իմ անունը եւս հայտնվեց 106-րդ բանաձեւը ընդունող կոնգրեսականների ցուցակում: Ճանաչելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ու սարսափը` ԱՄՆ-ն ցույց կտա իր պարտավորությունները աշխարհի այլ հատվածներում, օրինակ Սուդանում ցեղասպանությունների կանխման միջոցներ նախաձեռնելու հարցում»,- ընդգծել է Կիրստեն Գիլիբրանդը:

Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը` Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաստատման մասին եւ ԱՄՆ-ի նախագահի պարտականության մասին` յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի իր ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործելու հարցով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել քվերակության համար կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: