Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացել է Հոգաբարձուների խորհրդի թիվ 9-րդ նիստը: Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ռեկտորի ընտրությունը:
Հոգաբարձուների խորհրդի 32 անդամից նիստին ներկա էր 30-ը:
Կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում 29 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արմեն Աբգարի Մուրադյանն ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի 22-րդ ռեկտոր:
Իսկ դրանից առաջ, նիստի օրակարգի համաձայն՝ Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի զարգացման իր ծրագիրը, ըստ որի՝ բժշկական համալսարանն ունի զարգացման 3 հիմնական ուղղություն, դրանք են՝ կրթությունը, բժշկական ծառայությունները և գիտությունը։
Ծրագրի համաձայն՝ կրթության զարգացման նպատակն է հիմնադրամի կրթական մակարդակի բարձրացումը և միջազգային որակի կրթություն տրամադրումը, որի շնորհիվ հնարավոր կլինի հիմնադրամի կրթական օջախները դարձնել տարածաշրջանային կենտրոններ։
Բացի այդ, նախատեսվում է ոչ միայն ավելացնել արտասահմանցի ուսանողների թիվն արդեն իսկ ծանոթ երկրներից, այլև նոր երկրներից ներգրավել ուսանողներ։ Բժշկական ծառայությունների զարգացման հիմնական նպատակն է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը՝ տրամադրելով ծառայություններ, որոնք գնային և որակական ցուցանիշներով մրցունակ կլինեն միջազգային շուկանում։
Տվյալ նպատակը իրականացնելու համար նախատեսվում է բարելավել բժշկական ծառայությունների որակը՝ համապատասխանացնելով դրանք միջազգային ստանդարտներին, ինչպես նաև ավելացնել առաջարկվող ծառայությունների ցանկը։
Կարևորելով գիտության դերը, ինչպես կրթության այնպես էլ բժշկական ծառայությունների զարգացման մեջ՝ հիմնադրամն իր առջև նպատակ է դրել զարգացնել գիտական ներուժը՝ դառնալով գիտաբժշկական կենտրոն։ Ամփոփելով նիստը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին՝ նշելով, որ Խորհուդը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու բուհի նոր ղեկավարին, կոլեկտիվին և ուսանողությանը` կրթական, գիտական, առողջապահական ու վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում:
Արմեն Մուրադյանը բժիշկ է։ ՀՀ առողջապահության նախարար էր 2014-ի ապրիլի 23-ից 2016-ի սեպտեմբերի 27-ը:
1989-1995 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1995-1998 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնում ուրոլոգիա մասնագիտությամբ։ 1998-2000 թթ. եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ամբիոնի ասպիրանտ:
1987-1993 թթ. եղել է սանիտար, ֆելդշեր ՀԽՍՀ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում և վիրահատարանում։ 2000-ին պաշտպանել է թեկնածուական թեզ «Շագանակագեղձի նախաքաղցկեղային վիճակի և քաղցկեղի կլինիկական ընթացքի կանխորոշման մոդելի հարցեր» թեմայով։ 2001 - 2002 թթ.եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի հերթապահող բժիշկ, 2002-2003 թթ.` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ, 2003 - 2011 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հիմնադրել է ուրոլոգիայի ամբիոն և ստանձնել ամբիոնի վարիչի պարտականությունները, 2003 -2008 թթ.` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար:
2004 - 2006 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, 2005 - 2011 թթ.` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, 2006-ից` ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, 2008-2012 թթ.` ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի առաջին (բուժական գծով) տեղակալ, 2009 -2013 թթ.` Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, 2012 -2014 թթ. `«Իզմիրլյան» բժշկական կենտրոն, գործադիր տնօրեն։