Դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքում վերսկսված ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ինչպես ամբողջ օրվա ընթացքում, այնպես էլ դեկտեմբերի լույս 26-ի գիշերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հատկապես գիշերային ժամերին գործընթացն իրականացվել է տեղացող ձյան պայմաններում: Ըստ անհրաժեշտության` «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում:
«Զուգահեռաբար մաքրվում են կանգառասրահների տարածքները, մայթերը, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները: Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները:
Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները: Առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիարժեք երթևեկելի: Մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են շուրջօրյա ժամանակացույցով»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասնում է, որդժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները: