26 դեկտեմբերի 2016 - 16:47 AMT
Պեսկով. Լուկաշենկոյի բացակայությունը ՀԱՊԿ գագաթնաժողովում չի խանգարի հարցերի քննարկմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներին չի խանգարի ինտեգրման հարցերի քննարկմանը: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի բացակայությանը, ապա փաստացի դա չի խանգարի սուբստանտիվ հարցերի քննարկմանը, կապված ինտեգրման հետ: Քանի որ, մեկ անգամ ևս կրկնում եմ, բոլոր փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվելու են, նախկինում ամբողջությամբ համաձայնեցվել են կոլեգիայի ընթացքում բելառուս գործընկերների հետ: Եվ ստորագրված փաստաթղթերը հետագայում կուղարկվեն Մինսկ, որպեսզի Լուկաշենկոն կարողանա այնտեղ ստորագրել դրանք»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 26-ի առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները Պետերբուրգում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդի նստաշրջանի շրջանակում կքննարկեն ռոտացիոն կարգով կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: