29 դեկտեմբերի 2016 - 12:39 AMT
Իսրայելի գլխավոր դատախազը թույլատրել է ոստիկանությանը հարցաքննել Նեթանյահուին

Իսրայելի գլխավոր դատախազ և կառավարության իրավաբանական խորհրդատու Ավիհայ Մենդելբլիթը թույլատրել է ոստիկանությանը հարցաքննել երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին քրեական գործի հետաքննության շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը Իսրայելի հեռուստատեսության 10-րդ ալիքի վրա հղումով:

Ըստ աղբյուրի, քննչական գործողությունների ժամկետը դեռ կհստակեցվի:

Վարչապետը կհարցաքննվի 2 հետաքննության կապակցությամբ՝ հիմնական և երկրորդական: Թե հատկապես որ գործերի մասին է խոսքը, չի նշվում:

Հայտնի է, որ նոյեմբերի 23-ին Մանդելբլիթը կարգադրել էր ոստիկանությանը ստուգել Գերմանիայից սուզանավերի գնման գործարքը: Իսրայելը Գերմանիայից ավելի վաղ արդեն գնել է «Դելֆին» տեսակի 6 սուզանավ, որոնք համարվում են Իսրայելի ՊՆ ամենաթանկարժեք ռազմատեխնիկան: