Կպարզեցվի առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման գործընթացը: Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում:
Հիմնավորման մեջ ասված է, որ համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման համակարգի ներդրման և ոլորտի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
Արդյունքում ՀՀ ավիացիայի բնագավառի, բացառությամբ ռազմականի, քաղաքականությունը մշակող, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական կարգավորման լիազորված մարմին է ճանաչվում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Որոշմամբ նախատեսվում է դեպի ՀՀ և ՀՀ-ից կանոնավոր ու երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացի արդիականացում և առցանց համակարգի ներդրում, որի արդյունքում կկրճատվի նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և կպարզեցվի թույլտվությունների տրման գործընթացը:
Ի պատասխան վարչապետի հարցմանը, թե քանի ավիաընկերության են դիմել բանակցելու առաջարկով՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դիմել են 40-ից ավելի ավիաընկերությանը` հիմնականում Եվրոպայում տեղակայված:
«Ներկայում արդեն պատասխան ունենք 3-4 ավիաընկերությունից: Առաջիկայում նախատեսում ենք անցկացնել տեխնիկական քննարկումներ»,-ասել է Ավետիսյանը: Կարեն Կարապետյանը հորդորել է հսկողություն սահմանել, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է: