Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է ստամբուլյան գիշերային ակումբում ահաբեկչություն գործած կասկածյալի կնոջ ձերբակալության մասին, հայտնում է Republic.ru CNN Turk-ի վրա հղումով:
Հայտնի է, որ նրանք Ստամբուլ են ժամանել Ղրղզստանից նոյեմբերի 20-ին 2 երեխայի հետ: Երկու օր անց նրանք մեկնել են Կոնյա, որտեղ 3 ամսով բնակարան են վարձակալել:
Դեկտեմբերի 29-ին ենթադրյալ ահաբեկիչը մեկնել է Ստամբուլ: Նրա կինը հայտարարել է, որ չի իմացել նրա ծրագրերի և ԻՊ հետ ամուսնու կապի մասին:
«Հարձակման մասին ես իմացա լուրերից», –հայտարարել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվում է Ղրղզստանի քաղաքացի Յահյա Մաշրապովը, որից հետո Մաշրապովը հայտարարել էր, թե չի եղել Թուրքիայում ահաբեկչության պահին: Հարցաքննությունից հետո նրան ազատ էին արձակել:
Մինչ այդ ԶԼՄ-ները հրապարակել էին կասկածյալի նկարահանած տեսանյութը, որը նա ինքն էր նկարահանել ահաբեկչությունից առաջ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի լույս 1-ի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբում Ամանորի գիշերը: Զինված տղամարդը ներխուժել էր հաստատություն և կրակ բացել, որի հետևանքով 39 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն: