6 հունվարի 2017 - 21:00 AMT
Կուբան 50 տարում առաջին անգամ ապրանք կարտահանի ԱՄՆ

Կուբայի իշխանությունները հայտարարել են, որ գործարք են կնքել, որի շրջանակում վերջին 50 տարում առաջին անգամ այդ երկրից ԱՄՆ օրինական ճանապարհով բեռներ կարտահանվեն: Խոսքը 40 տոննա ածուխի մասին է, որի արժեքն ըստ պայմանագրի մոտ 17.000 դոլարի է հասնում, գրում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

«Սա առաջին պայմանագիրն է, բայց մենք հուսով ենք, որ հարաբերությունները կշարունակվեն և ոչ միայն ածուխի արտահանման մասով, այլ նաև այլ արտադրանքի, օրինակ, մենք կարող ենք մեղր կամ սուրճ արտահանել»,-հայտարարել է Իզաբելլա Օ՛Ռայլին՝ Cubaexport պետական ընկերության տնօրենը:

2014-ի ավարտին ԱՄՆ-ն և Կուբան հայտարարեցին հարաբերությունների աստիճանական վերականգնման մասին: Մինչ օրս հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, Հավանա այցելեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ն մեղմացրել է Կուբայի դեմ գործող որոշ պատժամիջոցները, թեև կես դարից ավելի գործող առևտրի էմբարգոն դեռ ուժի մեջ է: