10 հունվարի 2017 - 11:24 AMT
ԳԴՀ-ն կարող է մոտ $850 մլն փոխհատուցում վճարել Նամիբիային 1904թ. ցեղասպանության համար

Նամիբիայի հերերո և նամա ազգությունների ներկայացուցիչները դատի են տվել Գերմանիային` հատուցում պահանջելով 1094թ. իրենց ցեղակիցների զանգվածային ոչնչացման համար Գերմանական կայսրության ջոկատների կողմից:

Հայցում, որը ներկայացվել է Նյու Յորքի Մանհեթենի դատարան, նաև պահանջվում է այդ իրադարձությունները ցեղասպանություն ճանաչել, գրում է BBC-ին:

1904-ին այժմյան Նամիբիան Գերմանական կայսրության գաղութն էր և կոչվում էր Հարավարևմտյան Աֆրիկա: Հերերո և նամա ժողովրդներն ապստամբել էին գաղութարարների դեմ` հարձակվելով մի քանի ֆերմերային տնտեսությունների վրա: Որպես պատասխան գերմանական զորքերը մոտ 65.000 հերերո (այդ ազգության 4/5-ը) սպանեցին և մոտ 10.000 նամա` այդ ազգության մոտ կեսը: Որոշ գնահատականներով, գաղութարարների ձեռքից սպանվել է այդ ազգությունների մոտ 100.000 ներկայացուցիչ:

Բացի այդ, հայցվորները հատուցում են պահանջում 1885-1903թթ. նամա և հերերո ազգությունների առգրավված հողերի համար: Ըստ որոշ գնահատականների, խոսքն այդ ցեղերի հողերի մոտ մեկ քառորդի մասին է, ընդ որում գերմանացի գաղութարարների սերունդները մինչ օրս տիրում են այդ հողերի մի մասին:

Հայցում նաև ասվում է, որ Գերմանական կայսրության իշխանություններն աչք էին փակում նամա և հերերո ազգությունների կանանց և աղջիկների բռնաբարությունների վրա, ինչպես նաև խրախուսում էին ստրկական աշխատանքը:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ ԳԴՀ-ն հնարավոր է 800 մլն եվրո (մոտ $850 մլն) վճարի Նամիբիային:

Հերերո և նամա ազգությունների հազարավոր ներկայացուցիչներ հայտնվել են համակենտրոնացման ճամբարներում: Գաղութատիրական իշխանությունները սպանվածների հարյուրավոր գանգեր են տարել Բեռլին` ռասիստական կեղծ գիտական փորձերով ցուցադրելու համար գերմանացիների համեմատ հերերոների և նամաների թերզարգացվածությունը:

Բեռլինն ու Վինդհուկը շարունակում են երկխոսությունը 1904թ. զանգվածային սպանությունների ձևակերպման մասին: Գերմանիան համաձայն է սպանությունները ցեղասպանություն ճանաչել, սակայն, նամա և հերերո ազգությունների ներկայացուցիչներին վրդովեցրել է այն փաստը, որ իրենց չեն հրավիրել բանակցությունների:

Ժամանակակից Նամիբիայում հերերոները կազմում են բնակչության մոտ 7 տոկոսը, իսկ նամաները` մոտ 5 տոկոսը: