9 հունվարի 2017 - 13:54 AMT
ՖԻՖԱ-ն կարող է 2026-ից ավելացնել ԱԱ մասնակից թիմերի քանակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հունվարի 10-ին կհայտարարի աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը 32-ից մինչև 48-ն ավելացնելու մասին: Դա նախատեսվում է անել 2026-ի մրցաշարից սկսած, գրում է Lenta.ru-ն Globo-ի վրա հղումով:

Առաջիկա առաջնությունների անցկացման բանաձևը կհաստատվի մարտին, սակայն, ակնկալվում է, որ մրցաշարերի եզրափակիչ փուլում կլինի 3-ական թիմով 16 խումբ: Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմը դուրս կգա փլեյ-օֆ:

Եվրոպայից մրցաշարին կմասնակցի 16 հավաքական, Աֆրիկայից քվոտան կկազմի 9.5՝ (կանցկացվեն անցումային խաղեր), Ասիայինը՝ 8.5, Հարավային Ամերիկայինը՝ 6.5, Կենտրոնական Ամերիկայինը՝ 6.5, Օվկիանիայինը՝ 1 թիմ: Սեպտեմբերին ՖԻՖԱ ղեկավար Ջանի Ինֆանտինոն հայտարարեց այն մասին, որ հավանություն է տալիս ԱԱ մասնակից թիմերի քանակը 40-ի հասցնելու առաջարկին:

2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում, իսկ 2022-ին՝ Քաթարում: 2026-ի առաջնության անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Մրցաշարն ընդունելու համար համատեղ անցկացման հայտ ներկայացրած երկրների 2 խումբ է մրցում. Հնդկաստանն ու Չինաստանը, ինչպես նաև Էկվադորը, Բոլիվիան, Պերուն և Պարագվայը: Աշխարհի առաջնությունն ուզում են հյուրընկալել նաև Կանադան և Նոր Զելանդիան: