9 հունվարի 2017 - 21:09 AMT
Թաիլանդում առաջարկում են մահապատժի դատապարտել խոշոր կոռուպցիոն գործարքներ կատարած պաշտոնյաներին

Թաիլանդցի պետական պաշտոնյաները, որոնց կոռուպցիոն գործարքների դեպքում պետությունը 1 մլրդ բաթ կամ $28.6 վնաս կկրի, հնարավոր է, դատապարտվեն մահապատժի:

Նման փոփոխություն է ենթադրում Ռեֆորմների ազգային կոմիտերի առաջարկած օրինագծերի փաթեթը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:Փոփոխությունների օգտին են քվեարկել կոմիտեի 162 անդամներից 155-ը: Առաջարկը պիտի հավանության արժանանա խորհրդարանում ու կառավարությունում:

«Հարցի քննարկումը որոշակի ժամանակ կպահանջի», - նշել է կոմիտեի նախագահ Թհինափան Նակաթան:

Եթե վնասը չի գերազանցում 1 մլն բաթը կամ $28.000, առաջարկվում է 5 տարվա ազատազրկում, մինչև 10 մլն բաթ կամ 285 հազար դոլար վնասի դեպքում՝ 10 տարվա ազատազրկում:

Թաիլանդում մահվան դատավճիռը չի իրականացվում տարիներ ի վեր՝ այն փոխարինվում է ցմահ դատավճռով: