10 հունվարի 2017 - 10:28 AMT
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է. Լարսը բաց է

Հունվարի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է:

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածում տեղում է ձյուն:

Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: