10 հունվարի 2017 - 14:23 AMT
«Լա Լա Լենդը»` BAFTA-ի առաջատար. Ֆիլմը հավակնում է 11 արձանիկի

Հոլիվուդյան «Լա Լա Լենդ» մյուզիքլը բրիտանական BAFTA մրցանակաբաշխության առաջատարն է ներկայացված անվանակարգերով: Ֆիլմը հավակնում է 11 արձանակի:

Դեմիեն Շազելլի կինոֆիլմը հավակնում է տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակին, իսկ գլխավոր դերակատարներ Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը` հավակնում են լավագույն դերասան և դերասանուհի կոչումներին, գրում է BBC-ին:

9-ական արձանիկի են հավակնում Դենի Վիլնյովի ֆանտաստիկ «Ժամանում» դրաման և Թոմ Ֆորդի «Գիշերվա քողի տակ» թրիլերը: Քեն Լոուչի «Ես` Դենիել Բլեյքս» դրաման ներկայացված է «Տարվա լավագույն ֆիլմ» և «Տարվա լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգերում:

Դերասանական անվանակարգերում ներկայացված են նաև Էնդրյու Հարֆիլդը, էմիլի Բլանտը և Հյու Գրանտը:

Հունվարի 8-ին «Լա Լա Լենդը» ստացավ «Ոսկե գլոբուսի» 7 արձանիկ` ռեկորդ սահմանելով պարգևների քանակով:

Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը էկրան կբարձրանա հունվարի 12-ին:

BAFTA-ն հաճախ համարում են Ամերիկյան կինոակադեմիայի քվեարկության ինդիկատորը:

BAFTA-ի մրցանակաբաշխությունը կանցնի Լոնդոնի Ալբերտհոլում փետրվարի 12-ին: