10 հունվարի 2017 - 15:13 AMT
Իբրահիմովիչը խոսել է իր 2 «մրցակցի»՝ Պոգբայի և Մխիթարյանի մասին

Զլատան Իբրահիմովիչը, որը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողը դեկտեմբերի արդյունքներով, հայտարարել է, թե իր հաղթանակի համար շնորհակալ է և պարտական թիմի մյուս ֆուտբոլիստներին, այդ թվում՝ իր 2 գլխավոր մրցակցին՝ Պոգբային և Մխիթարյանին, որոնք ևս հավակնում էին մրցանակին:

«Նկատի ունեմ այն, որ խաղում եմ այնպիսի ֆուտբոլիսների հետ, որոնք միշտ բարձունքում են: Նրանք միշտ ուզում են հաղթել, միշտ մարզվում են և ունեն ամուր ոգի: Նրանք աճում են յուրաքանչյուր խաղից հետո, և ես ավելի քան ուրախ կլինեմ, եթե ամեն ամիս նոմինացվեն»,- ասել է շվեդ ֆուտբոլիստը, գրում է Soccerladuma.co.za կայքը:

Իբրահիմովիչը նշել է, որ էական չէ, թե ով է հաղթում. ով էլ հաղթի, թիմն ու թիմակիցները ուրախ կլինեն:

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրոդ լավագույն խաղացողը դեկտեմբերի արդյունքներով՝ զիջելով առաջին տեղը Զլատան Իբրահիմովիչին: Անգլիական ակումբի պաշտոնական կայքում հրապարակվել են թիմի երկրպագուների քվեարկության արդյունքները, որոնց առաջարկվել էր ընտրել դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստին: Քվեարկությանը մասնակցել է 146.000 մարդ: Ակումբի երկրպագուների 38 տոկոսը առաջին տեղը տվել է Զլատան Իբրահիմովիչին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զիջել է ընդամենը 2 տոկոսով՝ հավաքելով 36 տոկոս: Հայ ֆուտբոլիստը 10 տոկոսով առաջ է ֆրանսիացի Փոլ Պոգբայից, որը 26 տոկոս է հավաքել և, ըստ ակումբի գլխավոր մարզչի, աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: