10 հունվարի 2017 - 17:37 AMT
Շարապովան որակազրկումից հետո առաջին անգամ մրցաշարի կմասնակցի ապրիլին

Porsche Tennis Grand Prix մրցաշարի պաշտոնական կայքը հայտարարել է, որ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտագրված է և կմասնակցի մրցաշարին, որը կայանալու է ապրիլի 24-30-ը: Իր առաջին հանդիպումը նա կանցկացնի ապրիլի 26-ին` հենց այդ օրն է սպառվում նրա որակազրկման ժամկետը: Խաղն առաջինը կլինի նրա համար 2016-ի հունվարից հետո, գրում է ՌԲԿ-ն:

«Ինձ համար դա մեծ հաջողություն է` վերադարձից հետո առաջին անգամ խաղալ իմ սիրած մրցաշարերից մեկում: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կտեսնեմ իմ երկրպագուներին և կրկին կանեմ այն, ինչ սիրում եմ»,-ասել է Շարապովան, որը հաղթող է եղել Շտուտգարդտի մրցաշարում 2012-ին, 2013-ին և 2014-ին:

Մրցաշարի առաջին ռակետը կլինի գերմանացի թենիսիստուհի Անգելիկ Կերբերը:

Շարապովան որակազրկվել էր մելդոնիումի օգտագործման համար 2016-ի մայիսին: Որակազրկման ժամկետը հաշվվում է 2016-ի հունվարի 26-ից, երբ թենիսիտուհու արյան մեջ հայտնաբերվել էր արգելված նյութը: Շարապովան խոստովանել է, որ գիտակցաբար է ընդունել մելդոնիումը, սակայն, չի իմացել, որ այն ընդգրկված է արգելվածների ցանկում: ITF-ը որակազրկել էր ռուս թենիսիստուհուն 2 տարով, սակայն հետո որակազրկման ժամկետը կրճատվեց: Ժամկետը սպառվում է 2017-ի ապրիլի 26-ին: