11 հունվարի 2017 - 16:09 AMT
Ուսումնավարժական հավաքներ ԼՂ ՊԲ-ում. Մասնակցում են պահեստազորայինները

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 9-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնցում մասնակցում են պահեստազորի սպայական ու շարքային կազմի ներկայացուցիչներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքների ընթացքում մասնակիցներին ուսուցանում են գործառութային պարտականությունների կատարում, բարձրացնում վերջիններիս տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, կատարելագործում մեթոդական պատրաստության մակարդակը:

Նմանատիպ հավաքներ Պաշտպանության բանակում անցկացվել են նաև 2016-ի սեպտեմբերին: Սպաները պահեստազորայիններին գործնականում ցուցադրել էին զինտեխնիկայի կիրառման կանոնները, ներկայացրել պատերազմական գործողությունների ժամանակ նրանց գործողությունների հաջորդականությունը: