21 հուլիսի 2007 - 16:07 AMT
Ս.Սարգսյան. Ընտրությունները Ղարաբաղում հաստատում են ԼՂՀ կայացման գործընթացի անշրջելիությունը
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետի խոսքում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Սահակյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ունենալով Արցախի ժողովրդի անվերապահ վստահությունը, համոզված եմ, որ Դուք կշարունակեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության ամրապնդմանն ու զարգացմանը, ժողովրդի բարեկեցության ապահովմանն ուղղված ջանքերը: Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված ԼՂՀ նախագահական ընտրությունները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործընթացի անշրջելիությունը: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բարձր ու պատասխանատու պաշտոնում` ի նպաստ Արցախի ժողովրդի եւ պետության»: