12 հունվարի 2017 - 12:20 AMT
Ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ. Վարչապետի հանձնարարականը

ՀՀ կառավարության 2017-ի տարվա առաջին նիստը սկսվել է հանձնարարականներով: Մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարներին համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրության փոխարինելու վերաբերյալ` ըստ առանձին ապրանքների:

Նրա խոսքերով՝ պետք է դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծողների նկատմամբ, գրում է Panorama.am-ը:

«Շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ ապրանքները, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում, այդ ապրանքների արտադրության կազմակերպման կամ արտադրական հզորությունների ավելացման համար կատարվելիք ներդրումները կարելի է հետգրել միջին ժամկետում:

Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ից արտահանումը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է միանգամից 19.8%-ով: 10 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.453 մլրդ: ՀՀ ներմուծումը նվազել է 0.3%-ով, կազմելով $2.6 մլրդ: Ընդհանուր առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել 6.1%-ով, կազմելով $4.067 մլրդ: