12 հունվարի 2017 - 12:19 AMT
ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ սահմանին միջադեպի մասին. Անհապաղ վերադարձնել ադրբեջանցի զինվորի մարմինը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն է տարածել՝ դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, և որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ շարունակում են պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին:

Ես կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և լիարժեք կերպով պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ վերադարձնել մարմինը»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ, գրում է Aravot.am-ը:

2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի՝ Հուսեյնովի դին մնացել է ՀՀ տարածքում:

Կարդացեք նաև՝ «Կարմիր խաչը» բանակցում է Տավուշում սպանված ադրբեջանցի դիվերսանտի մարմինը հանձնելու վերաբերյալ