12 հունվարի 2017 - 12:51 AMT
Քաղաքային դպրոցների շենքային պայմանները կուսումնասիրվեն

Կառավարության հունվարի 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Արթիկի թիվ 7 հիմնական դպրոցի ոչ բարվոք պայմաններին:

Կրթության և գիտության նախարարին, տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին նա հանձնարարել է ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները՝ ներկայացնելով առաջարկություններ երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ:

«Երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ», - ասել է Կարապետյանը, մեջբերում է Aysor.am-ը:

Արթիկի թիվ 7 միջնակարգ դպրոցի անմխիթար վիճակի մասին 2016-ից մամուլում հրապարակումներ են եղել, սոցիալական ցանցերում բազմաթիվ հարցադրումներ էին ուղղվում վարչապետ Կարեն Կարապետյանին: Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նույնպես խնդրի վերաբերյալ սոցցանցում դիմել էր վարչապետին: