Սիրիայի վերաբերյալ Աստանայում կայանալիք բանակցությունների անցկացման պաշտոնական ամսաթիվը դեռ հայտնի չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, հարկավոր է սպասել դրան»,-ասել է Պեսկովը լրագրողներին: Նա պարզաբանել է, որ ՌԴ-ն մասնակցելու է բանակցություններին փորձագիտական մակարդակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ համաձայնության է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հակամարտ կողմերի բանակցությունները նոր հարթակում` Աստանայում, անցկացնելու վերաբերյալ: Ըստ Պուտինի, այդ բանակցությունները կարող են համալրել ժնևյան բանակցություններին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հավանություն է տվել այդ նախաձեռնությանը: Ակնկալվում է, որ Աստանայում հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին, իսկ Ժնևում` փետրվարի 8-ին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում:
Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Աստանայի հանդիպմանը: «Անշուշտ մենք պատրաստ ենք և հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել խորհրդաժողովի…երբ հայտնի կդառնա անցկացման օրը: Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր հարցերի շուրջ»,-ասել է նախագահը:Ըստ նրա, բանակցություններ վարելու հարցում «ոչ մի սահմանափակում չկա»: