Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Հռոմում հանդիպել է Ֆրանցիսկոս պապի հետ։
Հռոմի պապն օրհնել է բռնցքամարտիկին և նրա չեմպիոնական գոտին, ու հետաքրքրվել` արդյոք ձեռնոցներն Աբրահամինն են։ Աբրահամը դրական է պատասխանել և նվիրել ձեռնոցները Ֆրանցիսկոս Պապին, Bild.de գերմանական կայքին հղումով գրում է Նովոստի Արմենիան։
«Հռոմի Պապին ասացի, որ բռնցքամարտիկ եմ և շատ հավատացյալ մարդ։ Հրաժեշտ տալիս Պապն ինձ մաղթեց ամենայն բարիք», - ասել է Աբրահամը:
WBO վարկածի 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 2016-ի ապրիլի 10-ին կայացած մենամարտում պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին: Լաս Վեգասում կայացած մրցավեճում պարտությունն Աբրահամին զրկեց չեմպիոնական տիտղոսից:
«Արթուր արքան» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։