24 հուլիսի 2007 - 15:13 AMT
Ժոզե Մանուել Բարոզո. ԵՄ-ն պատրաստ չէ ընդունել Թուրքիային` ոչ վաղը, ոչ էլ հաջորդ օրը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հունական Kathimerini թերթին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ չէ անդամակցությանն ԵՄ-ին, սակայն բանակցություններն անդամակցության շուրջ պետք է շարունակվեն: «Ազնիվ լինենք: Թուրքիան պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելուն, եւ Եվրամիությունը նույնպես պատրաստ չէ ընդունել Թուրքիային: Ոչ վաղը, ոչ էլ մյուս օրը»,-ասել է Բարոզոն: Սակայն միեւնույն ժամանակ նա կոչ է արել ԵՄ երկրներին ամբողջովին չփակել դուռը Թուրքիայի առջեւ: «Անձամբ ես հավատում եմ ԵՄ-ի հնարավորություններին: Ես պետք է խնդրեմ Ֆրանսիային եւ բոլոր երկրներին չփոխել համատեղ կայացրած որոշումը եւ շարունակել բանակցությունները»,-ընդգծել է նա:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին եւ ներառում են 35 հոդված: Անկարան պետք է բացի նաեւ ծովային եւ օդային նավահանգիստները Կիպրոսի առջեւ, որը ԵՄ-ի անդամ է: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կտրականապես դեմ է Թուրքիայի անդամակցությանն Եվրամիությանը: