16 հունվարի 2017 - 11:23 AMT
Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորված զինվոր է մահացել

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը վիրավորվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին հակառակորդի կողմից դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Նրան տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ, սակայն կոմայից դուրս չէր եկել:

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: