16 հունվարի 2017 - 13:21 AMT
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է կառավարման նախագահական ձևին անցնելու օրինագիծն 1-ին ընթերցմամբ

Թուրքիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով նախատեսվում է պետության անցումը նախագահական կառավարման ձևին:

Ծրագիրը, որը կազմված էր 18 կետից, խորհրդարանում քննարկման էր դրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Եթե օրինագիծը վերջնականապես հաստատվի, ապա երկրում կդադարի գործել խորհրդարանական կառավարման ձևը, որը գործում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից, Anadolu-ին հղումով գրում է Armtimes.com-ը։

Օրենքի փոփոխությունները Թուրքիայի նախագահին հնարավորություն կտան որոշումներ հրապարակել, նշանակել պաշտոնյաների և նախարարների, ինչպես նաև հարցը քննարկել հանրաքվեի միջոցով։

Ըստ փաստաթղթի, երկրում ներմուծվում է փոխնախագահի պաշտոնը, վերացվում է վարչապետի պաշտոնը: Գործադիր իշխանության ամբողջ ծավալին կտիրապետեն երկրի նախագահն ու փոխնախագահը:

Բացի այդ, նվազեցվում է խորհրդարնի պատգամավոր դառնալու համար տարիքային սահմանափակումը 25-ից մինչև 18 տարեկան: Իսկ օրենսդիրների քանակը կավելանա 550-ից մինչև 600: