17 հունվարի 2017 - 10:21 AMT
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 680 կրակոց

Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 680 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հրաձգային զինատեսակների հետ կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր: Հատկապես ինտենսիվ արկակոծման են ենթարկվել ՊԲ արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ հակառակորդը 60 միլիմեռտրանոց ականանետից արձակել է 51 արկ, իսկ 82 միլիմետրանոցից՝ 3 արկ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ-ը նշում է, որ առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ: