17 հունվարի 2017 - 12:31 AMT
Մոգերինի. Ապրիլյան խորհրդաժողովից կմեկնարկի Սիրիայի անցումային գործընթացը

Ապրիլին Բրյուսելում տեղի կունենա Սիրիայի հարցով լայնածավալ միջազգային խորհրդաժողով: Այդ մասին Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Ըստ Մոգերինիի, Բրյուսելի խորհրդաժողովը պետք է սկիզբ հանդիսանա Սիրիայում անցումային քաղաքական գործընթացի և երկրի վերականգնման համար: Միջոցառումը կհաջորդի ՄԱԿ հովանու ներքո փետրվարի սկզբին Ժնևում կայանալիք միջսիրիական խաղաղ բանակցություններին, հայտնում է Deutsche Welle-ն:

Սիրիայում զինված հակամարտության կարգավորման համար անհրաժեշ է վերադառնալ բանակցությունների ՄԱԿ շրջանակում: Այդ մասին նույն օրը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Ըստ նրա, Աստանայում Սիրիայի վերաբերյալ հանդիպումը, որը կազմակերպում են ՌԴ-ն և Թուրքիան, միջանկյալ քայլ կդառնա խաղաղության ճանապարհին: Սակայն երկարաժամկետ քաղաքական լուծում կարելի է գտնել միայն ՄԱԿ հովանու ներքո, ասել է Շտայնմայերը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի ապստամբները համաձայնության են եկել խաղաղ բանակցություններին մասնակցության մասին, որոնք մեկնարկելու են հունվարի 23-ին Աստանայում: Այժմ նրանք փորձում են համաձայնության գալ պատվիրակության կազմի մասին, որը մասնակցել է Սիրիայի բանակցություններին 2016-ին: