17 հունվարի 2017 - 16:58 AMT
Խաչանովը գերազանցել է Մարատ Սաֆինի 13-ամյա վաղեմության ռեկորդը

ՌԴ-ն ներկայացնող 20-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Australian Open-ի առաջին շրջանում գերազանցել է Մարատ Սաֆինի 13-ամյա վաղեմության ռեկորդը: Ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ հանդիպման ժամանակ նա 32 անպատասխան մատուցում է կատարել` մեկ էյսով գերազանցելով իր նախորդի 2004թ. ռեկորդը, գրում է Life.ru-ն:

Արդյունքում Խաչանովը հաղթել է 4 սեթում` 6:4, 3:6, 7:6, 6:3 հաշվով: Առաջին մատուցման ժամանակ թենիսիստը վաստակել է միավորների գրեթե երեք քառորդը, իսկ նրա յուրաքանչյուր չորրորդ մատուցում էյս էր դառնում: Խաչանովը ռեկորդը սահմանել է վերջին մատուցման շնորհիվ` հաղթելով 4-րդ սեթի 8-րդ գեյմում:

13 տարի առաջ Մարատ Սաֆինը, 31 անպատասխան մատուցում կատարելով, Australian Open-ի կիսաեզրափակչում հաղթեց Անդրե Աղասիին: 1991-ից ի վեր, երբ վիճակագրությունը սկսեցին պաշտոնապես գրանցել, մինչ օրս անպատասխան մատուցումների այդ ցուցանիշը լավագույնն էր ՌԴ թենիսիստների համար միջազգային մրցաշարերում: Այն ժամանակ Սաֆինը եզրափակչում զիջեց Ռոջեր Ֆեդերերին: