27 հուլիսի 2007 - 17:44 AMT
Վարդան Օսկանյանն ու Լեւան Վարշալոմիձեն քննարկել են Հայաստանի ու Աջարիայի համագործակցության հարցերը
Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այցելեց Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումի, ուր հանդիպում ունեցավ Աջարիայի վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Աջարիայի տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, անդրադարձան նաեւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման եւ հայ զբոսաշրջիկների այցերի հետ կապված հարցերին:

Նախարար Օսկանյանը այցելել է նաեւ Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի եւ զրուցել Աջարիայի Հայոց հոգեւոր հովիվ Հայր Կիրակոս աբեղա Դավթյանի հետ:

Վաղը` հուլիսի 28-ին, նախախար Օսկանյանը կայցելի Ջավախք եւ Ախալքալաքում հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների եւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ: Նախարար Օսկանյանը կայցելի նաեւ Սուրբ խաչ եկեղեցի եւ կհանդիպի Ջավախքի հոգեւոր հովիվ Բաբկեն աբեղա Սալբյանի հետ:

Շաբաթ օրը նախարար Օսկանյանը Լոռու մարզում հանդիպում կունենա Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: