19 հունվարի 2017 - 11:38 AMT
Արցախում սահմանադրական հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հրամանագրի համաձայն, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին:

Հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը համաձայնություն է տվել երկրի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն:

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել, իսկ Հայաստանը 2016-ի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքներով անցում է կատարել խորհրդարանական կառավարման մոդելի: