19 հունվարի 2017 - 16:14 AMT
Արցախը՝ Մադրիդի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվում է հունվարի 18-ից 22-ը տեղի ունեցող Իսպանիայի «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում:

Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում ավանդական ոճով ձևավորված է Արցախի Հանրապետության տաղավարը:

Ըստ ԼՂՀ պատվիրակության ղեկավար, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանի, ցուցահանդեսը անցնում է բնականոն հունով, տաղավարի այցելուներին տրամադրվում է համապարփակ տեղեկատվություն ԼՂՀ զբոսաշրջային արդյունքի մասին թե՛ զբոսաշրջային գրականության, թե՛ տեղում տաղավարի աշխատակիցների միջոցով:

Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին ԼՂՀ պատվիրակության աշխատանքներն արդյունավետ են գնահատվում:

Ցուցահանդեսում Արցախի մասնակցության կապակցությամբ Իսպանիայում Ադրբեջանի հանրապետության դեսպանությունը հերթական բողոքի գրությունն է ներկայացրել ցուցահանդեսի կազմակերպիչներին և այլ մարմիններին, իսկ այս օրերին Մադրիդում գտնվող Ադրբեջանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարին: