23 հունվարի 2017 - 09:37 AMT
Հայրիկյանի կուսակցությունը միանում է Օհանյանի և Օսկանյանի դաշինքին

ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյանի, Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Օսկանյանի ու Արամ Սարգսյանի կազմած դաշինքին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«ԱԻՄ-ն իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քուեարկութեամբ (19 կողմ, 2 դեմ) միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան և Վարդան ՕՍկանյան գործիչների անունով հանրությանը հայտնի նախընտրական համագործակցությանը»,- գրել է Հայրիկյանը:

Նա նշել է. որ հունվարի 22-ի ժամը 15։50-ի դրությամբ կողմ են արտահայտվել՝ ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի հետևյալ անդամները՝ Արկադի Վարդանյան (ՆԽ նախագահ), Պարույր Հայրիկյան, Սուսաննա Գրիգորյան, Սուսաննա Ավագյան, Աշոտ Վարդանյան, Էմմա Շաշիկյան, Գագիկ Սարուխանյան, Կարինե Ստեփանյան, Կարէեն Բարսեղյան, Գառնիկ Ներսիսյան, Աննման Խաչատրյան, Երվանդ Փահլևանյան, Սիրանուշ Չիբուխչյան, Հայկ Բաղդասարյան, Մանյա Այվազյան, Գաբրիել Տեր-Կարապետյան, Սամսոն Սարդարյան, ինչպես նաև ՆԽ փոխարինող անդամներ՝ Միտուշ Մարգարեան, Վարդան Բաղդասարեան, Սմբատ Մուղդուսեն, Իւրայ Յակոբեան, Նազիկ Ղազինեան, Հասմիկ Խալիկյան, Վարդուշ Բոտոյան և Անուշ ու Վահան Հարությունյաններ։ Դեմ են՝ ՆԽ անդամներ Հայկ Ավագյանն ու Վահան Լուլուկյանը։

Հայրիկյանը նաև տեղեկացրել է, որ որոշ անդամներ զուտ տեխնիկական պատճառներով դեռևս չեն մասնակցել քվեարկությանը:

«ԱԻՄ-ը նշված համագործակցության չորրորդ կուսակցություն-գործընկերն է»,- գրել է ԱԻՄ առաջնորդը:

2017 թվականի ապրիլի 2–ին կայանալիք ընտրություններին դաշինքով են մասնակցելու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և Արամ Գ. Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը»: Սեյրան Օհանյանը, հնարավոր է, գլխավորի դաշինքի ցուցակը: