23 հունվարի 2017 - 09:52 AMT
Հայկական համարանիշերով մեքենաներն Իրան մուտք գործելու համար կվճարեն $90` նախկին $500-ի փոխարեն

Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով մոտ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար:

Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառման համաձայն, ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս: Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին: Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: