2 օգոստոսի 2007 - 19:40 AMT
Խավիեր Սոլանան նորից հայտարարել է, որ Կոսվոն չի կարող նախադեպ դառնալ Ղարաբաղի հակամարտության համար
Կոսովոյին անկախության կարգավիճակի տրամադրումը չի կարող նախադեպ դառնալ այլ հակամարտությունների համար աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի հարցով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: «Կոսովոյի հարցը այնպիսին է, որը չի կարող համեմատվել այլ տարածաշրջաններում առկա իրավիճակների հետ»,- հայտարարել է Սոլանան:

Սոլանան ցավ է հայտնել, որ Կոսվոյի հարցով խաղաղ համաձայնագիրը այդպես էլ չկնքվեց ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի շրջանակներում: «Ես կարծում եմ իրադրությունից լավագույն ելքը կլինի` եւս մեկ շանս տալ բանակցություններին: Դա ըստ էության հենց այն է, ինչին հանգել են ԵՄ նախարարները հուլիսի 23-ի հանդիպմանը»,- ասել է հանձնակատարը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդ բանակցությունները չեն կարող անվերջ ընթանալ, եւ պետք է 120 օրվա սահմանափակում ունենան:

«Ես դիմում եմ Բելգրադին եւ Պրիշտինային ակտիվորեն եւ կառուցողական միանալ բանակցությունների վերջնական փուլին: ԵՄ-ն ցանկանում է այդ գործընթացը առաջ տանել եւ շարունակական լուծում գտնել Կոսովոյի կարգավիճակի հարցով: Մենք կարծիքների միասնություն ենք պնդում այդ հարցով եվրոպական շահերի, ինչպես նաեւ Բալկաններում եվրոպական ապագայի կայունության եւ բարգավաճման համար»,- ընդգծել է Սոլանան, հաղորդում է «Թրենդը»: