24 հունվարի 2017 - 12:04 AMT
Կարապետյանն ու Մեդվեդևը կքննարկեն ՀՀ և ՌԴ գործակցությունը ԵՏՄ շրջանակում

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի իր պաշտոնակցի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:

ՀՀ և ՌԴ վարչապետները կանդրադառնան Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր` ուղղված ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը տարբեր ոլորտներում:

Վարչապետների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2016-ի հոկտեմբերիին: Բելառուս աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 27-ին Բելառուսի մայրաքաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների` նեղ կազմով նիստին հաջորդել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքները: