24 հունվարի 2017 - 13:02 AMT
Ազնավուր. Հայերեն չեմ գրում, բայց դա չի խանգարում ՀՀ դեսպանը լինել

Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը հայերեն խոսում է, բայց չի գրում և չի կարդում, սակայն դա չի խանգարում նրան Շվեյցարիայում ՀՀ դեսպանի աշխատանքում: Այդ մասին նա ասել է իսպանական El Mundo պարբերականին տված հարցազրույցում, գրում է «Sputnik-Արմենիան»:

Ազնավուրը Մադրիդում է համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում:

92-ամյա երաժշտի համերգը կկայանա Մադրիդի Barclaycard Center-ում: Ազնավուրը Մադրիդում վերջին անգամ ելույթ է ունեցել 2015-ի մայիսին:

Շանսոնյեն պատմել է, որ համատեղում է երաժշտական գործունեությունը դիվանագիտական աշխատանքի հետ:

Երգիչը խոստովանել է` այն, որ ինքը չգիտի ՀՀ օրհներգն ու չի գրում և կարդում հայերեն, չի խանգարում նրա դիվանագիտական աշխատանքին: «Ստացվեց այնպես, որ ես դարձա Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը ՄԱԿ Ժնևի կենտրոնակայանում»,-ասել է Ազնավուրը:

Նա հայտնել է, որ դիվանագիտական պաշտոն ստանձնելու առաջարկը ստացել է 8 տարի առաջ` 2009-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից և որոշել է ընդունել այն:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։